Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ 1989-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՐՅԱ ԹԵ ՓՐԿԵԼ Է ԵԱՀԿ-Ի ԿՅԱՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 1989-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՐՅԱ ԹԵ ՓՐԿԵԼ Է ԵԱՀԿ-Ի ԿՅԱՆՔԸ
04.10.2011 | 00:00

Սեպտեմբերի վերջին օրը «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանում Լիտվայի դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպել էին «Հայաստան և Լիտվա. դիվանագիտական հարաբերությունների 20 տարի» քննարկումը, որը սկսելով` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, թե այն ավարտում է դեսպանատան հետ համատեղ իրականացված հետաքրքիր ու տևական ծրագիրը: Եվրոպական արժեքների ներդրման և արևելյան հարևանության քաղաքականության քննարկումներն են եղել ծրագրի նպատակը: Քննարկմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Չինաստանի դեսպանատների, Եվրոպական հանձնաժողովի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, դիվանագետներ, ուսանողներ:
Իր երկրի և Հայաստանի համագործակցության 20 տարիները ներկայացնելով, Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասը, դիմելով քննարկման մասնակիցներին, ասաց. «Դուք օգնում եք մեզ իրականացնել Լիտվայի արտաքին քաղաքականության կարևորագույն առաքելություններից մեկը` հետխորհրդային տարածքում տարածել մեր կուտակած փորձը: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ հանրաքվեի արդյունքներն ամփոփված չէին, որովհետև ակնհայտ էր, թե հայերն ինչ են ընտրել, և ձեր անկախությունը շատ համահունչ էր մեր ձգտումներին»: Դիվանագիտական հարաբերությունները սկսվել են նոյեմբերից, և այսօր Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որ 2008-ից դեսպանատուն ունի Հայաստանում, շուտով Հայաստանը ևս Վիլնյուսում դեսպանատուն կունենա: Դեսպանը հիշեց և հիշեցրեց միասին անցած 20 տարվա ճանապարհը` կարևորելով փոխհարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ստեղծումը, պաշտոնական ու աշխատանքային փոխայցերը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Նրա գնահատմամբ` պրոբլեմային մնում են տնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառության անբավարար ծավալները, հատկապես Հայաստանից Լիտվա ներմուծումների սակավությունը, այնուամենայնիվ, ավետեց, որ լիտվական կապիտալն արդեն մտել է Հայաստան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի բաժնի վարիչ Արմեն Լիլոյանը, նշելով, որ անկախությունը 20 տարի առաջ է վերանվաճվել, արձանագրեց, որ մի շարք երկրների հետ հոբելյաններ են տոնվում, և այդ երկրներից Լիտվան յուրահատուկ տեղ ունի, որովհետև առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը և Հայաստանի Հանրապետությունը միջպետական առաջին համաձայնագիրը կնքել է Լիտվայի հետ: Դիվանագետը որոշակի սիմվոլիզմ տեսավ այս փաստերում` երկու փոքր պետություններ, որ միավորված էին մեկ մեծ պետության մեջ, սատարում են միմյանց միջազգային ասպարեզում հարաբերությունների հաստատման գործում: «Հայ-լիտվական միջպետական հարաբերություններում երկու երկրներից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ճանապարհը, և այսօր ավելի կարևոր է այն փաստը, որ մենք նույն արժեքներն ենք դավանում և մեր փոխհարաբերություններում առաջնորդվում ենք փոխադարձ վստահությամբ ու համատեղ շահերով»,- ասաց Արմեն Լիլոյանը: Նա ևս անդրադարձավ դիվանագիտական «ջենթլմենական ցանկին», որտեղ ներառված են փոխհարաբերությունների պարտադիր ոլորտները, ու հավարտ ելույթի հույս հայտնեց, որ բարեկամությանն ու համագործակցությանը լավ ապագա է սպասում:
ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Տիգրան Թորոսյանը միանգամից առաջարկեց հոբելյաններն ու տոները տոնել` իմաստավորելով ինչ է եղել, ինչ կա ու ինչ է լինելու: Նա հիշեցրեց, որ 20 տարի առաջ ոչ միայն Հայաստանն ու Լիտվան անկախացան, այլև համաշխարհային պատմության շատ կարևոր իրադարձություն եղավ` ԽՍՀՄ-ը փլուզվեց, որին հաջորդեց հետխորհրդային համակարգային տրանսֆորմացիան: Փորձագիտական առաջին գնահատականները հետո պիտի պարզվեր, որ այնքան էլ ճշգրիտ չեն, և տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ ունեցան: Պարոն Թորոսյանը հետխորհրդային տարածքը պայմանականորեն բաժանեց 3 խմբի` 1. Արևելյան Եվրոպա և բալթյան երկրներ, 2. Հարավկովկասյան երկրներ, ՈՒկրաինա, Մոլդովա, Բելառուս, 3. Միջին Ասիայի երկրներ: Նա անդրադարձավ զարգացման ճանապարհների տարբերությունների պատճառներին, վարքագծային, արժեքային, սահմանադրական համակարգերին, պատմական ժառանգությանը, հասարակական մտածողությանը. «Մենք ճամփաբաժանին ենք և, երկար ժամանակ է, չենք կարողանում դուրս գալ տեղապտույտից: Իհարկե, հաջողություններ եղել են, որոնք բոլորին են հայտնի, ամենակարևորն է պարզել` ինչո՞ւ այսպես ստացվեց, և ի՞նչ պետք է անել, որ հետագայում նման վառ հաջողություններ ունենանք, որ կան բալթյան երկրներում»:
Քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայում քննարկման մասնակիցներին ներկայացրեց Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Մանֆրեդ Նովակը: Ավստրոգերմանական մանրակրկիտությամբ ու բարեխղճությամբ պրոֆեսորը պատմեց Եվրոպայի պատմությունն անցյալ դարակեսից, ներառելով Համաշխարհային պատերազմը, միջազգային կառույցների առաջացումը` Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպություն` իրենց նախնական ու ընթացիկ խնդիրներով: Առանձնապես ու հատկապես մանրամասն ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը: Բնականաբար, պարոն Նովակը անդրադարձավ Հայաստանի և միջազգային կառույցների փոխհարաբերություններին, և պարզվեց, որ Հայաստանը 1949-ին ստեղծված ԵԽ-ին անդամակցել է 2002-ին, իսկ 1989-ից հետո համարյա թե փրկել է ԵԱՀԿ-ի կյանքը, որովհետև եթե չլինեին հետխորհրդային տարածքում սկսված կոնֆլիկտները, սառը պատերազմի ավարտից հետո կազմակերպությունը կարող էր իր առաքելությունն ավարտված համարելով վերանալ: Իսկ 1959 թ. ստեղծված Եվրադատարանը լուրջ փոփոխություններ ապրեց 1998 թ. և այժմ ընդգրկում է 800 միլիոն եվրոպացիների, որ իրենց քաղաքացիական ու մարդկային իրավունքները իրենց երկրներում ոտնահարված համարելով` արդարություն կարող են գտնել Ստրասբուրգում: Վերջին 3 տարիներին Հայաստանից Եվրադատարան է ուղղվել 1000 դիմում... Պրոֆեսորը համարյա համոզում էր ԵԴ դիմել` այնքան հետաքրքիր էր ներկայացնում ընթացակարգն ու արդյունքները:
Հավարտ մի քանի հարցեր, որ համարյա հռետորական են, բայց կան: 20 տարին երկա՞ր ժամանակ է, որ սրբագրվում են իրադարձությունները: Հայաստանի Հանրապետության անկախությունը գուցե առաջինը շնորհավորել է Լիտվան, բայց անկախությունը պաշտոնապես ճանաչել է Ռումինիան, և դա հիշում եմ ոչ միայն ես, որ աշխատանքի բերումով բախտ եմ ունեցել լուսաբանելու անկախության հաստատման ու կայացման ընթացքը, այլև արձանագրված է իբրև պատմություն: ՈՒ ընդհանրապես` Հայաստանն էլ Եվրախորհրդին անդամակցել է 2001-ի հունվարին, որը նույնպես արձանագրված է իբրև պատմություն: ՈՒ մեկ էլ` հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 20 տարիների հետ ի՞նչ գործ ուներ քաղաքացիական հասարակությունը, ի՞նչ կապ ուներ մարդու իրավունքների պաշտպանությունը, և մեղք չէ՞ր համակրելի պարոն Նովակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ